Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին երկրում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է.«Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին Սուլավեսի կղզու Պալու քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառած հարյուրավոր մարդկային զոհերի, վիրավորների և մեծ ավերածությունների կապակցությամբ:
Կիսելով Ձեր և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ մաղթում եմ զոհվածների հարազատներին տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։
Ինդոնեզիայի նախագահին իր ցավակացական հեռագիրն է հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը.
Նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ տոկունություն ու ոգու արիություն:
Նշենք, որ Ինդոնեզիայի Պալու և Դոնգալա քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամին հարյուրավոր մարդկային զոհերի և մեծ ավերածությունների պատճառ է դարձել: