Քննչական կոմիտեում ավարտական դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ ստացան Արդարադատության ակադեմիայի 2018 թվականի ունկնդիր-շրջանավարտները

Սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում ավարտական դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ ստացան Արդարադատության ակադեմիայի 2018 թվականի ունկնդիր-շրջանավարտները՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 21 անձինք:

Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներ, հյուրեր: Ակադեմիայի շրջանավարտները, արդեն որպես նորանշանակ քննիչներ, նաև հանդիսավորությամբ երդվեցին:

Դիմելով ներկաներին՝ ռեկտորը նշեց, որ ունկնդիրների համար անցած ուղին բավական դժվար էր: Ռեկտորը հույս հայտնեց, որ այսօրվա շրջանավարտները բարձր են պահելու Ակադեմիայի պատիվը և համոզմունք հայտնեց, որ նրանք ի վիճակի են պատվով իրականացնել իրենց առաքելությունը: «Իմ համոզմամբ՝ հենց քննչական գործունեությունն է այն հիմքը, որի վրա խարսխվում է արդարադատության ողջ համակարգը: Այդ առումով շատ պատասխանատու, բարդ մասնագիտություն եք ընտրել: Վստահ եմ՝ այսօրվա շրջանավարտները նոր շունչ են հաղորդելու քննչական մարմիների գործունեությանը»,-նշեց ռեկտորը:

Դիմելով նորանշանակ քննիչներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հորդորեց առաջնորդվել սպայի հոգեբանությամբ, քանի որ քննիչ լինելը ոչ թե կոչում է, այլ հանուն հայրենիքի աշխատանքային ճակատում ինքնազոհաբերություն, ջանք չխնայող մասնագիտություն է, որը պետք է ամենաարդյունավետ, ամենաազնիվ, ամենապարկեշտ ձևով կատարել: «Յուրաքանչյուր քաղաքացի՝ ի դեմս ձեզ տեսնում է պետություն: Ձեզ հետ աշխատելով՝ պետության մասին կարծիք է կազմում, և ծառայելով օրենքին՝ ծառայում ենք ժողովրդին: Առաջին իսկ վայրկյանից յուրաքանչյուր քրեական գործին և փաստաթղթին վերաբերվեք ամենայն պատասխանատվությամբ»,-ասաց Հայկ Գրիգորյանը:

Օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն անցկացվել է Արդարադատության ակադեմիայում՝ 2018 թվականի փետրվարի 19-ից սեպտեմբերի 25-ը, ներառյալ 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել