Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, Սասուն Խաչատրյանը և Արթուր Վանեցյանը: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նա նշեց, որ այլ մանրամասներ այս պահին ներկայացնել չի կարող:
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։
ՀՀ ՔԿ նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։