Կառավարությունը հավանություն տվեց անձի միանգամից մի քանի հաշիվների վրա արգելանք դնելու խնդրին առաջարկվող լուծմանը

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում եւ ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով: Ընդ որում, հարկադիր կատարողի կողմից էլեկտրոնային հաղորդագրությունն ուղարկվում է բոլոր բանկերին ու համապատասխանաբար, պարտապանի մոտ մեկից ավելի բանկերում դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի դրամական միջոցներն արգելադրվում են բոլոր այդ բանկերում: Արդյունքում՝պարտապանի դրամական միջոցներն արգելադրվում են հարկադիր կատարողի որոշման մեջ նշված գումարից ավել չափով, քանի որ եթե պարտապանի հաշիվները մեկից ավելի բանկեր են սպասարկում, ապա պարտապանի դրամական միջոցները հարկադիր կատարողի որոշման մեջ նշված չափով արգելադրվում են մեկից ավելի բանկերում:
 
Թեև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը սահմանում է, որ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվներն սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ, սակայն բաց է մնացել այն դեպքը, երբ պարտապանի առկա դրամական միջոցների վրա հարկադիր կատարողի որոշման մեջ նշված չափով արգելանք է դնում մեկից ավելի բանկ (հարկադիր կատարողի որոշման մեջ նշված չափով՝ յուրաքանչյուր բանկը):
 
Միաժամանակ, կարգավորված չէ նաեւ այն դեպքը, երբ պարտապանը կատարողական վարույթի ընթացքում մասամբ կատարում է իր պարտավորությունը: Գործող կարգավորմամբ՝ հարկադիր կատարողը չի տեղեկացնում բանկերին մասնակի կատարված պարտավորության մասին, ինչի պարագայում բանկերում շարունակում են արգելադրված մնալ պարտապանի իրական պարտավորության չափը գերազանցող դրամական միջոցներ:
 
Օրենսդրական կարգավորման բացով պայմանավորված վերոնշյալ իրավիճակները հակասության մեջ են մտնում 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի (Սեփականության իրավունքը) հետ, քանի որ զրկում են քաղաքացիներին օրինական հիմքով ձեռք բերած եւ իրենց սեփականությունը հանդիսացող դրամական միջոցներն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունքից: Ընդ որում, այն սեփականության (դրամական միջոցների), որոնց նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակված չէ օրենքով, քանի որ փաստորեն գերազանցում է պարտապանի պարտավորության կատարման համար անհրաժեշտ եւ հարկադիր կատարողի որոշման մեջ նշված չափը:
 
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածում առաջարկվող լրացմամբ մի կողմից լուծվում են պրակտիկայում հաճախակի հանդիպող վերոնշյալ խնդիրները, մյուս կողմից ապահովվում է մարդկանց սեփականության սահմանադրական իրավունքի իրացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել