Կառավարությունը հավանություն տվեց ամուսնալուծության հարցերի վերաբերյալ օրինագծին

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ԱԺ ներկայացնելուն:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց, որ զույգերի բոլոր հարցերի վերաբերյալ համաձայնության դեպքում ամուսնալուծությունը կկատարվի միայն ՔԿԱԳ մարմին դիմելու դեպքում, ինչը կարող է էապես թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը:

Մասնավորապես, միջին տարեկան 400 նման ամուսնալուծություն է լինում դատական կարգով և այս օրինագծի ընդունման դեպքում դատարաններն այդքանով քիչ գործեր կքննեն:

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով: Մի շարք երկրների ամուսնաընտանեկան իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ ամուսնությունն առավելապես լուծվում է դատական կարգով` ամուսիններից մեկի` ամուսնալուծվելու վերաբերյալ համաձայնության բացակայության պարագայում: Ինչ վերաբերում է փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծությանը` ապա այդ դեպքերում նախատեսվում են արտադատական որոշակի ընթացակարգերի միջոցով վեճերի լուծման ընթացակարգեր (օրինակ` ՔԿԱԳ մարմիններ, նոտար): Ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում արտադատական կարգով ամուսնալուծության իրականացման սահմանափակումներ նախատեսվում են միայն երեխաների շահերի պաշտպանության և օրենսդրորեն կանխորոշված որոշակի շահերի հաշվառման նկատառումներից ելնելով (ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգը, այդ միջոցների չափերը կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը):

Վերոշարադրյալի հաշվառմամբ, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման նկատառումներից ելնելով՝ առաջարկվում է ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատական կարգով ամուսնալուծվելու հնարավորություն նախատեսել միայն այն դեպքերում, երբ առկա է օրենքով կանխորոշված շահերի հաշվառման և պաշտպանության անհաժեշտություն, այսինքն՝ ամուսնալուծության հետ միաժամանակ ներկայացվել են նաև Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ:

 ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամուսնալուծության գործերով դատական միջամտության անհրաժեշտությունն առաջանում է հիմնականում ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում, այսինքն՝ երբ առկա է այդ ամուսնու շահերի հաշվառման և ընտանիքի պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն՝ առաջարկում ենք սահմանել, որ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության հիմքով ամուսնալուծությունը դատական կարգով կարող է կատարվել միայն այն դեպքում, եթե ամուսնալուծության պահանջի հետ միաժամանակ ներկայացվել է Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ պահանջ: Նման պահանջների բացակայության դեպքում ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայությունը հիմք է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծությունը գրանցելու համար:

 ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունման արդյունքում ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում ամուսնալուծությունը դատական կարգով իրականացնելու հնարավորություն կլինի միայն այն դեպքերում, երբ ամուսնալուծության պահանջի հետ մեկտեղ կներկայացվեն նաև այլ պահանջներ. արդյունքում էականորեն կնվազի դատարանների ծանրաբեռնվածության մակարդակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել