ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում կհարցաքննի դատավոր Վաչե Մարգարյանը

Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Արման Խաչատրյանը Իրավաբան.net-ին հայտնում է, որ քննչական կոմիտեն  ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում դատավոր Վաչե Մարգարյանին հարցաքննելու համար տեղեկացրել է Բարձագույն դատական խորհդրին:

«Դատական օրենսգրքի 52, 53 հոդվածների համաձայն՝ դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդն իրազեկվել է»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։

ՀՀ ՔԿ նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել