Երևանի ավագանու ընտրության օրը արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի 31 իրավախախտման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է 2018թ. սեպտեմբերի 23-ին ժամը 08.00-ից մինչև ժամը 20.00-ն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված 129 ահազանգ: Դրանցից 55-ը եղել է ԶԼՄ հրապարակում, 3-ը՝ Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված ահազանգ:  Արձանագրվել է քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 71 դեպք, հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Արձանագրված իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներից 14-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 9-ը՝ ընտրակաշառք տալուն, 3-ը քարոզչություն կատարելուն հարկադրելուն, 30-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն, որոնք  պայմանավորված են եղել հիմնականում ընտրացուցակների կազմման կարգից քաղաքացիների ցածր տեղեկացվածությամբ, 21-ը՝ կրկնակի քվեարկությանը, 19-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, 32-ը՝ այլ:

Ահազանգերի ուսումնասիրությունը վկայել է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել է ընդհանուր, վերացական բնույթ: Նմանատիպ 98 հաղորդուներում ներկայացված հանգամանքները պարզելու և քրեադատավարական ընթացակարգերի ապահովման հիմքերի առկայությունը հստակեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են ստուգողական գործողություններ:

31 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել