Այսօր՝ սեպտեմբերի 23-ի, ժամը 13:00-ի դրությամբ, գլխավոր դատախազության կողմից Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 123 դեպք:
Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտարարեց Գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Շուշանիկ Իսրայելյանը:
«Գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել է իրականացվող մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական խախտումների վերաբերյալ առերևույթ տեղեկություններ պարունակող 29 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում: Արձանագրվել է նաև քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու և ահազանգ կատարելու 89 դեպք: 1 դեպքով ձեռնարկվել է վարչական վարույթ»,-ասաց նա:
Նրա խոսքով դրանցից ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ են պարունակել և ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ստուգվել են 106-ը: 13 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր, իսկ 4 դեպքով հարուցվել է քրեական գործ՝ բոլորն էլ ընտրակաշառք տալու (առաջարկելու) կամ ընտրակաշատք տալու և ստանալու առերևույթ հատկանիշներով:
Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
«Առերևույթ իրավախախտումներից 26-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 23-ը՝ ընտրակաշառք տալուն, 4-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելուն, 55-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը, 2-ը՝ կրկնակի քվեարկությանը, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, 5-ը՝ այլ»,-նշեց Շուշանիկ Իսրայելյանը:
Հավելենք, որ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքումն ապահովելու նպատակով օգոստոսի 29-ից Երևանի դատախազությունում գործում է թեժ գիծ՝ 511603 հեռախոսահամարով: Վերջինս սեպտեմբերի 23-ին կգործի շուրջօրյա: