Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հայտնում է.
«ՀՀ Գերագույն խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների հարգելի պատգամավորներ, դուք հրավիրվել եք սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունենալիք Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:
Նշենք, որ միջոցառման հրավիրատոմսեր ուղարկվել են ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ բոլոր գումարումների պատգամավորներին: Ովքեր տեխնիկական պատճառով չեն ստացել հրավիրատոմս, խորհրդարան կարող են մուտք գործել 17:50-ին Բաղրամյան անցակետով՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ:
Տեղեկացնենք, որ հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է լինելու խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը: Հյուրերն այցելելու են ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված Ազգային ժողովի նորաբաց թանգարան, այնուհետեւ ներկա են գտնվելու նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսին»: