Վիճաբանություն և դանակահարություն Հերացի փողոցում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Հերացի փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2018թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 06:00-ին, Երևան քաղաքի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի երիտասարդ՝ «կրծքավանդակի աջ կեսի և առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ: Պարզվել է, որ երիտասարդը նշված վնասվածքներն ստացել է Հերացի 10 փողոցի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երիտասարդը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, մասնակիցների շրջանակը:

Նախնական տվյալներով՝ վիճաբանությանը մասնակցել են Երևան քաղաքի բնակիչներ երեք աղջիկներ, ովքեր ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ինչպես տուժողին, այնպես էլ՝ վերջինիս երկու ընկերներին: Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ աղջիկներից մեկը՝ Դ.Բաբինյանը, ծալովի դանակով հարվածել է երիտասարդներից մեկին:

Նախաքննության ընթացքում վիճաբանության մասնակիցները ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

2018թ. սեպտեմբերի 14-ին Դ.Բաբինյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները՝ վիճաբանության մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել