Պաստառները փակցված են նախընտրական քարոզչության կանոնների պահպանմամբ. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ սեպտեմբերի 12-ին տեղեկացել է, որ Երևանի մետրոպոլիտենի կանգառներում փակցված  են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուների քարոզչական պաստառներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարցմանն ի պատասխան  «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ մետրոպոլիտեն) իրազեկել է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնների պահպանմամբ, Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմաններ ապահովելով՝ ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցությունների և դաշինքների հետ կնքված պայմանագրերի հիման վրա մետրոպոլիտենը հնարավորություն է ընձեռել մետրոպոլիտենի կայարաններում գովազդի համար նախատեսված մակերեսին տեղադրելու նախընտրական քարոզչության պաստառներ:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է, որ վերոհիշյալ պաստառները փակցված են նախընտրական քարոզչության կանոնների պահպանմամբ:

Միաժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ Երևան քաղաքում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար շրջայցեր են կազմակերպում իրենց սպասարկման տարածքներում: Շրջայցերի արդյունքներով հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ երկու տասնյակ տարբեր պաստառներ, որոնք հանվել են:

Մինչև նախընտրական քարոզչության ժամանակահատվածի ավարտը նման շրջայցերը կրելու են պարբերական բնույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել