Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ձևավորումը պլանավորվեց 2019թ. մարտի 30-ին

Գործադիրը այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հավանություն է տվել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով առաջարկվում է սահմանել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ձևավորման նոր ժամկետ՝ մինչև 2019 թ. մարտի 30-ը։

Հավանություն է տրվել «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթներ և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին», «Պետական տուրքի մասին» և մի շարք այլ օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի փաթեթի նպատակը հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման ու վերահսկողության արդյունավետ համակարգ ձևավորելն է: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների զարգացման համար անհրաժեշտ որոշ գործառույթներ (մասնագետների որակավորում և շարունակական զարգացում, աուդիտի որակի նկատմամբ հսկողություն, աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների ռեեստրի վարում) կիրականացվեն մասնագիտացված կառույցների միջոցով, փոփոխված չափանիշներով ճշգրտել տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը, որոնց սահմանումը կհամապատասխանեցվի ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին, վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (Աուդիտորական կազմակերպությունների ռեեստր):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է աուդիտորական կազմակերպությունների համար ներկայումս գործող պետական տուրքի վճարման պարտավորությունը հանել՝այն փոխանցելով հավատարմագրված մասնագիտական կառույցներին որպես անդամավճար:

Նիստում հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ առաջարկվող կարգավորումը պայմանավորված է տվյալ հոդվածով նախատեսված հանցագործությունների աճի դինամիկայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ պատժի խստացումը կզսպի և զերծ կպահի ապօրինի գործողությունների իրականացումից: Ընդունելի համարելով նախագծով նախատեսվող ընդհանուր կարգավորումները՝ կառավարությունը ներկայացրել է որոշ նկատառումներ նախագծի վերաբերյալ: Կառավարության առաջարկության համաձայն՝  նախագծով նախատեսված կարգավորման արդյունքում, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը խստացնելիս՝ կալանքն ազատազրկմամբ փոխարինելիս, խախտվում է տվյալ հոդվածի բոլոր մասերի դիսպոզիցիաներում նախատեսված արարքների համար սահմանված պատժատեսակների աստիճանական դասավորվածությունը, հետևաբար, առաջարկվում է ոչ թե կալանքը փոխարինել ազատազրկմամբ, այլ հիշյալ հոդվածի 1-ին մասի սանկցիայում նախատեսել նաև ազատազրկման ձևով պատիժ: Նշված է նաև, որ ներկայում ՀՀ վարչապետի աշխատակազմում քննարկվում է բնապահպանության նախարարության մշակմամբ համանման օրենքի նախագիծ, որը քննարկվող խնդիրներին առավել համապարփակ լուծումներ է առաջարկում: Այդ կապակցությամբ նախագծի հեղինակին առաջարկվում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ մեկ միասնական նախագծով հանդես գալու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել