Չհայտարարված այց «Հրազդան» ՔԿՀ․ արձանագրված խնդիրների լուծման առաջարկները կներկայացվեն իրավասու մարմնին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ, հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:

Քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են խնդիրներ, որոնք առնչվում են՝

  • բժշկական սպասարկման բաժնի համալրվածությանը,
  • բժշկական թափոնների խոտանմանը,
  • արտաքին զննությունների և դրանց ընթացքի ու արդյունքների արձանագրմանը,
  • քրեակատարողական հիմնարկում հաստիքների և անձնակազմի ոչ բավարար քանակին,
  • քրեակատարողական ծառայողների աշխատանքային անբավարար պայմաններին,
  • ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելուն ու այդ ընթացքում նրանց համար բավարար նպատակային գործունեության կամ ծրագրերի բացակայությանը,
  • զբաղվածությանը, ներառյալ՝ կրթական և մասնագիտական ծրագրերին և այլն:

Այցի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն իրավասու պետական մարմնին:

Մշտադիտարկման ընթացքում Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը Պաշտպանի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չի ստեղծել:

Բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կգտնվեն Պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել