Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով վարչապետի աշխատակազմին 2018 թվականի ինն ամսում հատկացնել 33 միլիոն 292 հազար դրամ:
Հարցը կքննարկվի այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության հերթկան նիստի ընթացքում:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 33 միլիոն 292 հազար դրամ: Նշված գումարը ներառում է աշխատավարձ և այլ վճարումներ՝ 33 միլիոն 292 հազար դրամ (այդ թվում՝ օգոստոս ամսվա աշխատավարձ, աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված աշխատակիցների աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տույժ):