Կապահովվի ռազմական դրության ժամանակ պարետային ժամի սահմանման դեպքում անցագրային ռեժիմի կիրառումը

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է սահմանել ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) տալու կարգը, ինչպես նաև ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար տրվող հատուկ թույլտվությունների (անցագրերի) ձևերը:

Նախագիծը մշակող մարմինը նշում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով կատարված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում սահմանելու  ռազմական դրություն, ուղերձով դիմուլու  ժողովրդին հայտարարելու ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարությունը սահմանում է  ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը, ինչպես նաև հատուկ թույլտվությունների (անցագրերի) ձևերը:  Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի պահանջից:

 

ԿԱՐԳ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՒ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՆՑԱԳՐԵՐ) ՏԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ)

 

  1. 1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական դրության ժամանակ պարետային ժամ սահմանվելու դեպքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) (այսուհետ՝ անցագիր) տալու (փոխանակելու) հետ կապված հարաբերությունները:
  2. Ռազմական դրության ժամանակ պարետային ժամ սահմանվելու դեպքում անձանց գտնվելը փողոցներում ու այլ հասարակական վայրերում, այդ թվում՝ նաև տրանսպորտային միջոցներով, օրվա արգելված ժամանակահատվածում իրականացվում է անցագրով: Անցագրային հատուկ ռեժիմի ապահովման աշխատանքները համակարգելու համար «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում նշված մարմինների ներկայացուցիչներից ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվում է պաշտոնատար անձ (այսուհետ՝ պարետ):
  3. Անցագիր ստանալու կամ այն փոխանակելու համար անձը պարետին ներկայացնում է դիմում, որում նշում է իր անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը և անցագիր ստանալու անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկությունները: Տրանսպորտային միջոցով փողոցներում ու այլ հասարակական վայրերում պարետային ժամի ընթացքում գտնվելու նպատակով ներկայացվող դիմումում նշվում են նաև համապատասխան տրանսպորտային միջոցի տվյալները (տեսակը, մակնիշը, հաշվառման համարանիշը):
  4. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձին անցագիր կարող է տրվել Ազգային անվտանգության ծառայության համաձայնությամբ:
  5. Անցագրում նշվում է փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու թույլտվության համապատասխան ժամանակահատվածը:
  6. Պարետն անցագիրը տրամադրում է կամ դրա տրամադրումը մերժում է դիմումը ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում:
  7. Անցագրի տրամադրումը մերժվում է, եթե անձի գտնվելը համապատասխան տարածքում աննպատակահարմար է տվյալ տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի ապահովման նկատառումներից ելնելով:
  8. Անցագրի տրամադրման մերժման մասին դիմումատուին տեղեկացվում է գրավոր՝ նշելով մերժման պատճառները: Մերժման մասին դիմումի վրա կատարվում է համապատասխան նշագրում:
  9. Անցագիրը ենթակա է փոխանակման տվյալ տարածքում գտնվելու ժամանակահատվածը փոփոխելու անհրաժեշտության դեպքերում, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի տվյալները փոխվելու դեպքում:
  10. Անցագիրը կորցնելու դեպքում անձի դիմումի հիման վրա տրվում է նոր անցագիր՝ սույն կարգի 3-ից 6-րդ կետերով սահմանված կարգով:
  11. Սույն կարգի 7-րդ կետում նշված նկատառումներից ելնելով՝ տրամադրված անցագիրը պարետի կողմից կարող է ուժը կորցրած ճանաչվել և վերցվել: Անցագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ անձը տեղեկացվում է գրավոր՝ նշելով ուժը կորցված ճանաչվելու պատճառը:
  12. Անցագիրը վավեր է այն ժամկետում, որը նշված է որպես տարածքում գտնվելու թույլատրելի ժամանակահատված:
  13. Անցագիրը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ, որն ունի հերթական համար:
  14. Անցագիրը առանց անձը հաստատող փաստաթղթի անվավեր է:
  15. Պաշտպանության նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Դատախազությանը, Քննչական կոմիտեին, Հատուկ քննչական ծառայությանը, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը, Առողջապահության նախարարությանը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին նախապես ներկայացված հայտերի հիման վրա հատկացվում են կնքված, սակայն չլրացված անցագրեր, որոնց հետագա բաշխումն ըստ աշխատակիցների և տրանսպորտային միջոցների կատարվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարի լիազորված պաշտոնատար անձի կողմից:
  16. Անցագրերի տրամադրման և դրանց տրամադրման մերժումների վերաբերյալ իրականացվում է մատյանային հաշվառում: Հաշվառման մատյանի ձևը սահմանվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում նշված մարմինների ղեկավարների համատեղ հրամանով:

Ա Ն Ց Ա Գ Ի Ր  № ________
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ  ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՒ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ

 Տրված է ­­­­­­

(անուն, հայրանուն, ազգանուն)

Աշխատանքի վայրը

(կազմակերպությունը, պաշտոնը)

 

 

(անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

(Տարածքում գտնվելու թույլատրելի ժամանակահտվածը)

                                                                                                                         պարետատան

 պարետ

(անուն, ազգանուն)                                                                (ստորագրություն)                 

Կ/տ

Տրված  է  «       » ______________ 20   թ.

Անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը պարտադիր է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել