Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ քառորդը դիմել է ԱԺ նախագահին՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու հարցի ուսումնասիրման համար քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով:
Այդ նպատակով պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Սակայն «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս հարցով ԱԺ հանձնաժողով ստեղվծել չի կարող:
«Կան հստակ սահմանափակումներ, որոնց մեջ նշված է, որ չի կարող քննիչ հանձնաժողով ստեղծվել, եթե նախաքննությունն է ընթանում: Մամուլի հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել և՛ գաղտնալսման, և՛ քրեական վարույթին միջամտելու հանգամանքներով: Դրա համար ԱԺ-ն չի կարող ստեղծել այդպիսի հանձնաժողով»,-նշեց Մարուքյանը:
Գևորգ Կոստանյանը սակայն նշեց, որ իհարկե նման հանգամանքը չէր կարող իրենց աչքից վրիպել:
«Մենք չենք խոսում կոնկրետ քրեական գործի և դրա կոնկրետ հանգամանքների մասին: Ես նշեցի, որ սա մեզ բերում է այն եզրահանգման, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության սկզբունքը խախտվել է, ապա դա հիմնավոր կասկած է տալիս քաղաքացու համար, թե արդյո՞ք իր հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունքը պատշաճ երաշխավորված է»,-նշեց Կոստանյանը:
Սակայն Մարուքյանը նշեց, որ հանձնաժողով ստեղծելու մասին նախագծում նշված է, որ հանձնաժողովը ստեղծվում է հենց հարուցված քրեական գործի վերաբերյալ քննարկման համար:
Կոստանյանը նշեց սակայն, որ քրեական գործ հարուցված չէ արդարադատության իրականացմանը խորընդոտելու հոդվածով:
«Քրեականա գործը հարուցված է միայն պաշտոնեական լիազորությունների սահմանը անցնելու փաստով և ոչ թե արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փաստով: Տեքստի ձևակերպումը մենք իհարկե կարող ենք փոխել, հարցը չի վերաբերում հենց գործի հանգամանքներին, այլ այս ձայնագրությունները հիմք են հանդիսանում, որպեսզի մենք ուսումնասիրության առարկա դարձնենք գլոբալ այս հեռախոսային խոսակցությունների երաշխավորման և արդար դատաքննության իրավունքի երաշխավորման հանգամանքները»,-նշեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժաողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ համացանցային youtube կայքում սեպտեմբերի 11-ին տարածվել էր տեսանյութ, որում ներկայացվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Նրանք զրուցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ խափանման միջոցի ընտրության, Սեյրան Օհանյանին ձերբակալելու մասին: Գաղտնալսման վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: