«Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի երիտասարդական մրցույթ է հայտարարվել

ՀՀ գլխավոր դատախազությունը ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում հայտարարել է Հայաստանում «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի երիտասարդական մրցույթ՝ հանդես գալով իբրև վերջինիս համակազմակերպիչ: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Մրցույթն անցկացվում է կոռուպցիայի՝ իբրև բացասական սոցիալական երևույթի դեմ պայքարում համատեղ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու, կոռուպցիայի ցանկացած դրսևորման նկատմամբ հասարակության անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորման ու ամրապնդման նպատակով:

Մրցույթի շրջանակում 14-ից մինչև 35 տարեկան մասնակիցները կարող են պաստառների և տեսանյութերի ձևաչափով պատրաստել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդ, որը պետք է արտացոլի հասարակության գործունեության՝ մասնակիցների համար նախընտրելի ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության գաղափարը, այդ նպատակով պետության կողմից գործադրվող ժամանակակից մեխանիզմները կամ հակակոռուպցիոն պայքարում միջազգային համագործակցության դերն ու նշանակությունը:

Աշխատանքներն ընդունվում են  www.anticorruption.life -ի պաշտոնական կայքում՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 19-ը:

Մրցույթի անցկացման կանոններին կարելի է ծանոթանալ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքի (www.prosecutor.am) «Կոռուպցիայի դեմ պայքար» բաժնի «Միջազգային երիտասարդական մրցույթ /Միասին ընդդեմ Կոռուպցիայի/» ենթաբաժնում:

Հայաստանյան մասնակիցների կողմից ներկայացված աշխատանքների մրցույթի արդյունքները կիսաեզրափակիչ փուլում ազգային ժյուրիի կողմից կամփոփվեն հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 10-ը: Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից ներկայացված լավագույն աշխատանքների մրցույթի վերջնական արդյունքները եզրափակիչ փուլում կամփոփեն միջազգային ժյուրիի կողմից:

Հաղթողների և մցանակակիրների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մոսկվայում՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝  դեկտեմբերի 9-ին:

 Մրցույթի համակազմակերպիչներն են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազությունները, Ղազախստանի Հանրապետության պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործակալությունը, Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել