8 ամսում ՊԵԿ-ը հավաքագրել է 812 միլիարդ դրամ հարկային եկամուտ․ Դավիթ Անանյան

2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել է 880.1 միլիարդ դրամ հարկային եկամուտներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նա նաև նշեց, որ նշված գումարից 670.7 մլրդ դրամը հարկային մարմինների կողմից է հավաքագրվել, իսկ 209.4 մլրդ. դրամը` մաքսային մարմինների: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 120.8 մլրդ. դրամ կամ 15.9%: Այդ թվում, հարկային մասով աճը կազմել է 100.7 մլրդ դրամ կամ 17.7%, իսկ մաքսային մասով` 20.1 մլրդ դրամ կամ 10.6%:

Միաժամանակ համաձայն գործող օրենսդրության, հավաքագրված գումարներից հարկ վճարողների բանկային հաշիվներին իրականացվում է վերադարձ, որոնց մեջ մեծ տեսակարար կշիռ է կազմում արտահանում իրականացրած հարկ վճարողներին ԱԱՀ-ի վերադարձները:

Այս պարագայում՝ 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին «մաքուր» հավաքագրված գումարը կազմել է 812.8 մլրդ. դրամ, որը 78.0 մլրդ. դրամով կամ 10.6 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (ՀՀ պետ. բյուջեի ծախսերով նախատեսված 16.6 մլրդ.դրամ գումարը հաշվի չառած):

Ընդ որում, ամենաբարձր ցուցանիշն ապահովվել է հուլիս ամսին և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 15.3 մլրդ. դրամով կամ 16.7 տոկոսով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել