Կներդրվի տեղորոշման համակարգ՝ «911»,«112», «102» և «103» ծառայություններ ահազանգողի գտնվելու վայրը որոշելու համար

ՀՀ տրանսպորտի, կապի  տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը Ազգային ժողովում ներկայացնում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Նախագծւի համաձայն՝ օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է կարգավորողի կողմից սահմանված կարգով բացահայտել իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները` դեպի արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112 (911), ՀՀ ոստիկանության 102 և շտապօգնության 103 համարներին կատարվող կանչերի դեպքում:

«ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2011 թվականից գործում է 911 ծառայությունը: Գործունեության տարիներին ծառայությունը սպասարկել է 6 միլիոնից ավելի զանգ: Գրանցվում են նաև այնպիսի դեպքեր, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլև՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն, այն պարագայում, երբ անհապաղ օգնության կարիք են զգում մեր քաղաքացիները, ակնկալվում է տարբեր օպերատիվ ծառայություների, մասնավորապես, ոստիկանության կամ շտապօգնության արձագանքում»,-նշեց Արշակյանը:

Առաջին փոխնախարարի խոսքով՝ իրավիճակն էապես կփոխվի, եթե օպերատորը հնարավորություն ունենա տեղորոշել ահազանգողի գտնվելու վայրը: Տեղորոշման համակարգերը տարիներ շարունակ արդյունավետ կիրառվում են ԱՄՆ-ի «911», Եվրոմիության գրեթե բոլոր երկրների «112» ահազանգման կենտրոններում, և այս փորձը տարածում է գտնում ամբողջ աշխարհում:

Համակարգը կներդրվի «911»,«112», «102» եւ «103» ծառայություններ ահազանգողի գտնվելու վայրը որոշելու համար:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել