Դատախազության բարձրաստիճան պաշտոնյան ընդդեմ քաղաքացու մարզում գտնվող խանութի սեփականատեր դառնալուն

Կարեն Մխոյանի խանութը ներկայումս արգելանքի տակ է դրված միայն այն բանի համար, որ ժամանակին  իր իսկ կողմից կառուցված շենքը գրանցել է քրոջ անունով: Իսկ քրոջ ամուսինը «պարտքով գումար» է վերցրած եղել բարձրաստիճան դատախազ Վահագն Մուրադյանից:

Այսպես,  նախորդ տարվա սեպտեմբերի 29-ին Կարեն Մխոյանը դիմել է դատարան պահանջով, որ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվի իր սեփականության իրավունքը  Աբովյան քաղաքում գտնվող գույքի նկատմամբ: Նա հայտնել է, որ իր միջոցների հաշվին կառուցել է խանութը, շինարարական կազմակերպության հետ բոլոր բանակցություններն ու վճարներն իրականացրել է ինքը, սակայն, շինարարական թույլտվությունը ձևակերպվել է քրոջ` Անահիտ Անանյանի անվամբ և սեփականության իրավունքը վերոնշյալ հասցեի նկատմամբ նույնպես գրանցվել է Անահիտ Անանյանի անվամբ:

2006 թվականին կառույցն ամբողջապես ավարտելուց հետո Կարեն Մխոյանը քրոջ ամուսնուն և քրոջը՝  Արմեն և Անահիտ Անանյաններին վճարել է 27.000 ԱՄՆ դոլար և փաստացի դարձել է թե՛ խանութի,  թե՛ հողամասի սեփականատերը, որի վրա կառուցված է խանութը:  Կողմերի միջև կնքվել է  «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթ, որով Արմեն և Անահիտ Անանյանները հավաստել են, որ խանութը կառուցվել է Կարեն Մխոյանի միջոցների հաշվին, ամբողջությամբ պատկանում է նրան և, բացի կառուցվող խանութի վրա կատարված փաստացի ներդրումներից, Կարեն Մխոյանն իրենց վճարել է 27.000 ԱՄՆ դոլար և փաստացի դարձել խանութի սեփականատերը:

Ավելին, կողմերի միջև կնքված պայմանագրով Արմեն և Անահիտ Անանյանները պարտավորվել են Կարեն Մխոյանի առաջին իսկ պահանջով ներկայանալ նոտարական գրասենյակ և կատարել անվանափոխություն:

2006 թվականից մինչ օրս Կարեն Մխոյանը բացահայտ և անընդմեջ կերպով տիրապետում է խանութը:  Այն 2007 թվականից հանձնել է վարձակալությամբ: Վարձակալության վերաբերյալ բանակցությունները վարել է ինքը, պայմանգրի էական պայմանները որոշվել է իր համաձայնությամբ, և գույքի վարձակալությունից ստացված գումարը նույնպես ինքն է ստացել: Քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տիգրան Փոլադյանի նախագահությամբ, նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին բավարարել է Կարեն Մխոյանի հայցապահանջը՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը հիշյալ խանութի նկատմամբ:

Դատախազության բարձրաստիճան պաշտոնյան ընդդեմ Կարեն Մխոյանի մարզում գտնվող խանութի սեփականատեր դառնալուն

Այս վճռի դեմ բողոք է ներկայացվում վերաքննիչ դատարան: Բողոքաբերներից մեկը Վահագն Մուրադյանն է, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչության պետի պաշտոնը (վերջերս նա գլխավոր դատախազի հրամանով ազատվել է այս պաշտոնից և նշանակվել զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում): Մյուս բողոքաբերը Արմեն և Անահիտ Անանյանների սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանն է:

Գործի նյութերից տեղեկանում ենք, որ Վահագն Մուրադյանն իր բողոքում նշել է, որ առաջին ատյանի դատարանի վճիռը վերաբերում է Վահագն Մուրադյանի իրավունքներին, ով գործին մասնակից չի դարձվել:  Եվ Կարեն Մխոյանի օգտին վճիռը կայացվել է անտեսելով խանութի սեփականատերերի՝ Անանյանների, սնանկ ճանաչված լինելու հանգամանքը, չի պարզվել, թե արդյոք առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա։

Տեղեկանում ենք նաև, որ 2016թ թվականի մարտի 10-ին փոխառության  Արմեն Անանյանի և Վահագն Մուրադյանի միջև  կնքվել է  պայմանագիր, որի  համաձայն, փոխառությամբ Արմեն Անանյանը բարձրաստիճան դատախազից  40.000 ԱՄՆ դոլար է վերցրել և այն վերադարձնելու ժամկետը սահմանվել է մինչև 2017 թվականի հունվարի 20-ը: Սակայն այս ժամկետը գումարը չի վերադարձվել, ինչից հետո Վահագն Մուրադյանը դիմել է դատարան՝ պահանջով Արմեն և Անահիտ Անանյաններին սնանկ ճանաչել: Դատարանը 2017-ի օգոստոսի 31-ի վճռով նրանց սնանկ է ճանաչել:

Ի դեպ, սրա վերաբերյալ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2017-ի հուլիսի 20-ին Վահագն Մուրադյանը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն և Անահիտ Անանյաններին սնանկ ճանաչելու պահանջով: Եվ այս դատարանը, դատավոր Արլեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, ամուսիններին սնանկ է ճանաչել: Սակայն դատական այս ակտը «Դատալեքս»-ում տեղադրված չէ:Սակայն Ա. Սուքոյանի նախագահությամբ կայացված վճիռը մասնակիորեն բեկանվել է վերաքննիչ դատարանից կողմից այս տարվա հունվարի 25-ի որոշմամբ և Անահիտ Անանյանին սնանկ ճանաչելու մասով վճիռը բեկանվել և փոփոխվել է: Հետագայում այս գործով Վահագն Մուրադյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն այն հետ է վերցրել:

Վահագն Մուրադյանը նաև դիրքորոշում է հայտնել, որ թեև խանութը գրանցվել է Անահիտ Անանյանի անվամբ, սակայն այն հանդիսացել է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, քանի որ կառուցվել է ամուսնության ընթացքում:

Եվ քանի որ քաղաքացիական գործը դատարանը քննել է առանց իրեն մասնակից դարձնելու և դրա հետևանքով ինքը զրկվել է օրենքով իրեն վերապահված հնարավորություններից, Վահագն Մուրադյանը խնդրել է բեկանել վճիռը և գործի վարույթը կարճել կամ դիմումը թողնել առանց քննության:

Կարեն Մխոյանը, բողոքին ի պատասխան, ներկայացրել է իր փաստարկները: Մասնավորապես այն, որ Արմեն և Անահիտ Անանյանները, մասնակցելով գործի քննությանը, որևէ տվյալ չեն հայտնել իրենց սնանկության վերաբերյալ: Բացի դրանից, Անահիտ Անանյանի սնանկության մասով դատական ակտը բեկանվել է (ինչպես արդեն իսկ նշեցինք վերևում) և այդ մասով սնանկության դիմումը մերժվել է, իսկ գույքը, սեփականության իրավունքի պետական գրանցման համաձայն, պատկանում է միայն Անահիտ Անանյանին, իսկ Արմեն Անանյանի սեփականությունը դեռևս ճանաչման անհրաժեշտություն ունի։

Նշվում է նաև, որ անհիմն է այն պնդումը, թե դատական ակտով խախտվել է Վահագն Մուրադյանի որևէ իրավունք, քանի որ  Արմեն և Անահիտ Անանյանները սեփականության իրավունքով ունեն բավարար գույք, որոնցից միայն մեկի արժեքը գերազանցում է Վահագն Մուրադյանի հանդեպ ունեցած պարտավորության չափը.  «Ակնհայտ է, որ սույն գործով առերևույթ բացակայում է փոխադարձ կապ քննարկվող փաստի, այն է Կարեն Մխոյանի սեփականության իրավունքի ճանաչման փաստի, և Վահագն Մուրադյանի իրավունքների միջև, բացի այդ, որպեսզի դատարանը գնահատի նյութաիրավական վեճի առկայությունը, վեճը պետք է առերևույթ ակնհայտ լինի գործի նյութերից, պետք է եզրահանգումը բխի բացառապես գործի փաստերից, իսկ սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով պարզ է, որ բացակայում է վեճը և պահպանվել է դատավարության մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը»:

Վերաքննիչ դատարանը սակայն համարել է, որ Վահագն Մուրադյանի փաստարակները հիմնավոր ու բավարար են դատական ակտը բեկանելու և դիմումն առանց քննության թողնելու համար, քանի որ առկա է իրավունքի մասին վեճ (քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետի` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` … 4) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին): Մասնավորապես, ըստ վերաքննիչ ատյանի, առկա է վեճ Կարեն Մխոյանի, Վահագն Մուրադյանի և Արմեն և Անահիտ Անանյանների մեջ, քանի որ դատարանը վճիռ է կայացրել Արնահիտ Անանյանի, ով Դատարանի մեկ այլ վճռով ճանաչվել է սնանկ, գույքի վերաբերյալ` վերջինիս սնանկության գործով կառավարչին մասնակից չդարձնելով գործի քննությանը, որով էլ խախտվել են նրա` գույքը օրենքին համապատասխան իրացնելու իրավունքները:

Վերաքննիչ ատյանը բեկանել է առաջին ատյանի վճիռը և Կարեն Մխոյանի դիմումը թողել առանց քննության: Կարեն Մխոյանն այժմ վճռաբեկ բողոք է ներկայացրել և հուսով է, որ այս ատյանն արդարամիտ կլինի՝ որոշում ընդունելիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել