Այսօր՝ սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։ Այս մասին հայտնում է «Քեթրին» հասարակական կազմակերպությունը:
Հիշեցնենք, Միհրան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է փոփոխել զանցառուի՝ տուգանք վճարելու կարգը: Մասնավորապես, առաջարկվում է Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան դրա՝ օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալը, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան դրանց՝ օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալը»:
Միաժամանակ, ըստ Պողոսյանի, պետք է վարչական իրավախախտներին տալ որոշակի արտոնություն տուգանքը վճարելու համար, ըստ որի՝ եթե 8 օրում տուգանքը վճարվում է՝ տալ արտոնություն՝ վճարել 50 տոկոսի չափով:
Ըստ գործող կարգի՝ տուգանքները վճարելու համար խախտողին տրամադրված է տասնհինգօրյա ժամկետ։ Այսինքն՝ խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում: Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ նախագծի ընդունումն անհրաժեշտ է վարչական տուգանքի ենթարկված անձանց տուգանքների վճարման համար ողջամիտ ժամկետ տրամադրելու համար։
Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ իրավասու անձի կողմից վարչական ակտ կայացնելուց հետո վարչական տուգանքի ենթարկված անձն իրավունք ունի վարչական ակտը բողոքարկել դրա օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում՝ մինչև դրա անբողոքարկելի դառնալը: Իսկ մինչև վարչական ակտի անբողոքարկելի դառնալը վարչական մարմինն իրավունք չունի այն ուղարկել հարկադիր կատարման:
Վարչական տուգանքի վճարման 15-օրյա ժամկետ սահմանելն իրավական հետևանք ուներ այն ժամանակ, երբ նշված ժամկետում չվճարելու դեպքում տուգանքի մայր գումարի վրա տույժ էր գումարվում: Բայց համապատասխան օրենսդրական փոփոխությունից հետո այլևս տույժեր չեն ավելանում, ուստի տուգանքի վճարման 15-օրյա ժամկետի սահմանումը կրում է ձևական բնույթ և 15-օրյա ժամկետի խախտման դեպքում ոչ մի իրավական հետևանք վրա չի հասնում, մինչև վարչական ակտի անբողոարկելի դառնալու համար սահմանված 2-ամսյա ժամկետի լրանալը /բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի/:
«Ստացվում է, որ Օրենսգրքով նախատեսվում է հստակ ժամկետ, սակայն օրենսդրական փոփոխությունների արդյունքում այն կորցրել է իր նպատակային նշանակությունն ու անհրաժեշտությունը՝ ժողովրդին դնելով արհեստածին սահմանափակումների մեջ»,-ընդգծել է օրենքի հեղինակը:
Միհրան Պողոսյանն ակնկալում է, որ փոփոխության արդյունքում, նախ կավելանա տուգանքները վճարողների թիվը, ապա՝ վճարված տուգանքների քանակը և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե մուտքագրվող գումարների չափը, ինչպես նաև կթեթևանա վարչական պատասխանատվության ենթարկվածների սոցիալական ծանրաբեռնվածությունը։ Իսկ նման պարագայում կթեթևանա ինչպես դատարանների, այնպես էլ ԴԱՀԿ ապահովող ծառայության և տուգանք նշանակած վարչական մարմինների ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված դատարան և ԴԱՀԿ ապահովող ծառայություն՝ գումարների բռնագանձման պահանջով դիմելու գործառույթի կրճատումով:
Օրենքի նախագիծը կներառվի ԱԺ քառօրյա լիագումար նիստում։