Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցում է ՄԻԵԴ վճիռների կատարմանը

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում նախաձեռնվել են խորհրդակցություններ՝ կապված զինծառայողների իրավունքների, կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքին առնչվող Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ: ՄԻԵԴ վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը միջազգային լավագույն փորձի օրինակ է և այդ գործում Պաշտպանի մասնակցությունը կիրականացվի՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Միջոցառումը կազմակերպվել է նաև Եվրոպայի խորհրդի Կոպենհագենի 2018 թվականի հռչակագրի կատարման շրջանակում: Քննարկմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ներկայացուցիչ Վահե Դեմիրճյանը:

«Ներկայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախապատրաստվում է հատուկ դիրքորոշում, որը կապված է զինծառայողների իրավունքների հարցով Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի կատարման հետ: Այն կներկայացվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե: Այս համատեքստում այսօրվա քննարկումը ուղղված է աշխատակազմի կարողությունների ամրապնդմանը»,- նշել է Արման Թաթոյանը:

Խորհրդակցության ժամանակ Պաշտպանի աշխատակազմին են ներկայացվել ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացակարգը և այդ գործընթացին մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցության առանձնահատկությունները:

Հիշեցնենք, որ վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով, ինչը մարդու իրավունքների ազգային հաստատության կողմից միջազգային փորձի լավագույն օրինակ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել