Կառավարության նիստին կքննարկվի Ալբանիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը

Վաղը՝ օգոստոսի 30-ին կառավարությունը հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի Ալբանիայի քաղաքացիներին ՀՀ մուտք գործելու համար արտոնագրի պահանջից ազատելու մասին։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Ալբանիայի Հանրապետության քաղաքացիները 2010 թվականից ի վեր ազատված են Շենգեն երկրների մուտքի արտոնագրի պահանջից, ինչը վկայում է, որ այդ երկրից անկանոն միգրացիայի կառավարման քաղաքականությունը համապատասխանում է ԵՄ չափանիշներին:

Ալբանիան դեռևս 2013 թվականից ազատել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից, հետևաբար Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սույն որոշման ընդունումը հետապնդում է հայ-ալբանական երկկողմ հարաբերություններում փոխադարձության սկզբունքի կիրառման նպատակ։

Որոշման ընդունումը թույլ կտա Ալբանիայի քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել