Այսօր առավոտից գործադուլ են սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները։
Պատճառը երթուղում ապօրինի աշխատող սպիտակ համարանիշներով փոխադրողների
գործունեությունն է։
Այսօր գործադուլավորներին հանդիպել և առկա խնդիրները նրանց հետ քննարկել է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն
Փամբուխչյանը, ով ներկա պահին բանակցություններ է վարում երթուղին
սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ղեկավարության հետ,
որպեսզի նրանք վերսկսեն փոխադրումները։
Խնդիրն այն է, որ անօրինական փոխադրումներ իրականացնողների
գործունեությունը կարգավորող տեսչական մարմինը, որն այլևս նախարարության
կազմում չէ, ներկայում վերակազմավորման փուլում է և չի կարող համապատասխան
քայլեր իրականացնել ապօրինի ուղևորափոխադրողների նկատմամբ։
Այնուամենայնիվ, նախարարությունը կդիմի պատկան մարմիններին՝ վերջիններիս
աջակցությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու և երթուղու բնականոն
աշխատանքը վերականգնելու համար։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն