Կանխվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից վերջին 2 ամիսների ընթացքում  հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք, որից 22-ը՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության, իսկ 22-ը՝ վարչական բնույթի մաքսային իրավախախտումների մասով:

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներկրման 18 դեպքը բացահայտվել է փոստային առաքանիներում, իսկ 4 դեպքը՝ ՀՀ պետական սահմանը հատող անձանց մոտ կամ նրանց ուղեկցող ուղեբեռներում: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են 2 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց, հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող 1841 դեղահաբ, «ԼՍԴ» տեսակի հալուցինոգեն թմրանյութի պարունակությամբ 11 բլոտտեր, էլեկտրոնային սիգարետների համար նախատեսված հաշիշի յուղի պարունակությամբ 31 մուշտուկ, «կանեփ» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ քաղցրավենիքներ, «մարիխուանա» և «հաշիշ»  տեսակի թմրամիջոցներ:

Վերջին 2 ամիսներին  մաքսային կանոնների խախտման 12 դեպքով  հայտնաբերվել են սխալ հայտարարագրված, չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված 118 բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների 354 աքսեսուարներ, 5 կգ տարբեր տեսակի դեղամիջոցներ, 4,4 կգ ոսկյա և արծաթյա զարդեր, 43 կգ կենդանի խեցգետին, ինչպես նաև ՌԴ-ից ներմուծված 220 լիտր տարողությամբ 112 մետաղական տարա` ավտոմեքենաների քսայուղերի պարունակությամբ, որոնք, սակայն, հայտարարագրվել էին որպես քսայուղերի հավելանյութ` օրենքով սահմանված ակցիզային և բնապահպանական հարկերը չվճարելու նպատակով:

Մաքսային կանոնների խախտման 10 դեպք հայտնաբերվել է նաև Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում: Խախտումները, մասնավորապես կապված են եղել մաքսային հսկողության տակ գտնվող, այդ թվում`  «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված տրանսպորտային միջոցները հայտարարատուների կողմից այլ անձանց փոխանցելու կամ սահմանված ժամկետում նշանակման մաքսային մարմին չհասցնելու հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել