Պարզվում են ժամկետային զինծառայող Հ. Մանգասարյանի մահվան հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ զորամասի հրթիռահրետանային սպառազինության պահեստապետին:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ N զորամասի ծառայության պահեստում 2017թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ էր ստացել նույն պահեստում աշխատանքներ կատարող, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանը։ Պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գ.Հյուսնունցը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ս.Ալումյանն ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինհոսպիտալ:
Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են պայթյունի պատճառները, նպաստած հանգամանքները, տվյալներ ձեռք բերվել զորամասի իրավասու անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորվելու վերաբերյալ, հստակեցվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։
Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանը՝ կոչումով մայոր, խախտելով զորամասի ՀՀՍ պահեստում սպառազինության և ռազմամթերքի պահպանման կարգը, այն է՝ իրավունք չունենալով ՀՀՍ ծառայության պահեստ ընդունել վերջնական մարտական վիճակի բերված ՌԿԳ-3 տեսակի հակատանկային կումուլյատիվ նռնակները, 2016 թվականի ռազմական գործողություններից հետո դրանք ընդունել և պահել է պահեստում, որից հետո անմիջապես չի զեկուցել ըստ վերադասության։
Բացի այդ, անտեսելով ՀՀՍ պահեստում ցանկացած տեսակի զինամթերքի քանդման, մասնատման, տեխնիկական տեսակի որևէ աշխատանքներ կատարելու արգելքը՝ 2017 թվականի նոյեմբերի 4-ին նույն ծառայության պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Հյուսնունցին հանձնարարել է նշված նռնակները բերել ոչ մարտական վիճակի և դասավորել արկղերում։ Վերջինս, պարտավոր լինելով ՌԿԳ-3 հակատանկային կումուլյատիվ նռնակները պահել փակ արկղերում և բացառել զորամասի ՀՀՍ պահեստում ցանկացած տեսակի զինամթերքի քանդման, մասնատման, տեխնիկական տեսակի որևէ աշխատանքների իրականացումը, 2017 թվականի նոյեմբերի 4-ին նշված նռնակները ՀՀՍ ծառայության պահեստում բերել է ոչ մարտական վիճակի, դասավորել արկղերում։ Ավելին՝ այդ աշխատանքների կատարմանն ընդգրկել է նաև այլ զինծառայողների, նրանց թվում՝ Հ․Մանգասարյանին: Արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել հակատանկային նռնակի պայթյուն, ինչի հետևանքով Հ.Մանգասարյանը մարմնի տարբեր մասերում ստացած պայթյունաբեկորային վնասվածքներից տեղում մահացել է, ժամկետային զինծառայող Ս.Ալումյանն ստացել կյանքին վտանգ սպառնացող ծանր, իսկ ժամկետային զինծառայող Մ.Մարգարյանը` թեթև մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գ.Հյուսնունցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 374-րդ հոդվածով (զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերը, պայթուցիկ կամ շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող այլ սարքերը և առարկաները սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին հանձնելը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ):
Քրեական գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել