ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Արտաշատի խճուղում գտնվող առանձնատներից մեկից կատարված գողության հանգամանքները:
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
2018թ. հուլիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ մեկ այլ անձի օժանդակությամբ, բաց պատուհանից մուտք է գործել քաղաքացու՝ Երևանի Արտաշատի խճուղում գտնվող առանձնատուն և հափշտակել վերջինիս պայուսակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, փաստաթղթեր և այլ իրեր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 38-176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում ստացվել են առանձնատան տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: