Արարատի մարզի դատախազության դատախազը, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման օրինականությունը ստուգելիս, հաշվի առնելով Ս.Ի-ի` Արարատի մարզի Այնթափ համայնքի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում աշխատելու վերաբերյալ գործում առկա հակասական փաստական տվյալների, հանձնարարել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստել:
Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի Այնթապ համայնքի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Ս.-ն, առաջարկել է Ս. Ի-ն, 2014 թվականի հունիսին կնքել դպրոցում որպես պահակ աշխատանքի անցնելու վերաբերյալ աշխատաքային պայմանագիր, Ա. Ս.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ աշխատանքի չի հաճախել և այդ ընթացքում՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը, ստացել է ընդհանուր շուրջ 2 միլիոն 712 հազար ՀՀ դրամ աշխատավարձ՝ միաժամանակ յուրաքանչյուր ամիս Ա. Ս.-ի առաջարկով ստորագրելով աշխատանքի հաճախելիության մատյանում:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով :