«Եթե վախենում եք ինձանից, վստահեցնում եմ, որ ոչ մի բան չեմ ձեռնարկի, եթե նորմալ վիճակում երեխայիս բերեք հասցնեք ինձ, իմ կողմից բացարձակ ոչ մի բողոք չի լինի»,- այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ամիսներ առաջ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մայրը՝ Հասմիկ Հարությունյանը։
Հասմիկ Հարությունյանի կարծիքով, ինչ-որ մեկը երեխային վերցրել ու տարել է. «Ասեղ չէր, որ կորեր: Կարծում եմ, որ իմ երեխան ինչ-որ մեկի մոտ է գտնվում: Երեխաս ողջ է և մահացած չէ: Կարծում եմ՝ ուղղակի վախենում են երեխային բերել,որ հնարավոր է ես ինչ-որ պատասխանատվության ենթարկեմ իրենց»:
«Ես գնացել եմ աստղաբան Էլյա Հովհաննիսյանի մոտ, նա երեխայի տվյալները ուսումնասիրել է և աստղերի դասավորվածությունը նայելով ասաց, որ իմ երեխան ողջ է։ Բացի այդ, գուցե և աբսուրդ թվա, բայց ես գնացել եմ մոմ թափողի մոտ և նա ասաց, որ իմ երեխան ողջ է և գտնվում է երեք մարդու մոտ»,- ասաց նա։
Երեխային փնտրելու համար ոստիկանության իրականացրած որոնողական աշխատանքների մասին Հայկի մայրն ասաց, որ հանդիպել է նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։
«Ամեն օր զանգում և զրուցում եմ, ասում է, որ իր պրակտիկայում նման դեպք չի եղել։ Շնորհակալ եմ. ոստիկանությունն էլ, արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ լավ աշխատում են»։
Հիշեցնենք, որ տղան որոնվում է հունիսի 8-ից. եղբոր հաղորդմամբ՝ անհետացել է Արագած գյուղի շրջակայքում: Տանից դուրս է եկել հունիսի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Նրա հագին եղել է կանաչ վերնաշապիկ, կիսավարտիք: Մազերը կարճ են:
Ոստիկանությունն առաջարկում է նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով:
Մերի Մնոյան