Ահաբեկչության, անօրինական միգրացիայի, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում ԱԱԾ-ն կխորացնի համագործակցությունը Միացյալ Թագավորության հետ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ողջունելով դեսպանին՝ տնօրենը հույս հայտնեց, որ ճանչողական այցի շրջանակում ավելի կամրապնդվի համակարգի և դեսպանության հետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների:

Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակին և փոփոխություններին՝ Ա. Վանեցյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ տարվող պայքարը նոր կառավարությունում առաջնային տեղ է զբաղեցնում և տարվող աշխատանքների արդյունքում արդեն իսկ  կան ձերբակալություններ:

Դեսպան Ֆարնուորթը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ Մեծ Բրիտանիայում հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ են սատարել Հայաստանին՝ ընթացիկ բարեփոխումների անցկացման, ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման հարցում: Դեսպանը ողջունեց նաև երկրում կատարվող բարեփոխումները և շեշտեց, որ ցանկացած երկրի համար կարևոր է դատական համակարգի արդար մոտեցումը:

Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև՝ ահաբեկչության, անօրինական միգրացիայի, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել