ՔՀԿ ինկուբատորների ներկայացուցիչները գյուղատնտեսության փոխնախարարի հետ քննարկեցին ոլորտային հարցեր և փոխգործակցության համաձայնություն ձեռքբերվեց

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու  ՔՀԿ ինկուբատորների մասնակիցները  օգոստոսի 6-ին հանդիպում ունեցան  գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ:

Ծրագրի իրավաբան-փորձագետ հանդիպման ժամանակ ներկայացվեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հիմնական  նպատակներն ու 9 թիրախային ոլորտները, կատարված աշխատանքները:

Հանդիպման սկզբում ՔՀԿ ներկայացուցիչները ներկայացան և հակիրճ պատմեցին, թե յուրաքանչյուրի համար, որն է գյուղատնտեսության ոլորտում առաջնային ուղղվածությունը և ինչ բնույթի համայնքային միջոցառումներ են իրականացնում:  Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ իր հերթին նշեց, որ նախարարությունը մի շարք կարևոր ծրագրեր և նախաձեռնություններ ուներ անցյալում, որոնք կյանքի չէին կոչվում, իսկ  այժմ ամեն ինչ անում են, որ կարողանան իրագործել դրանք: Մասնավորապես, անհրաժեշտ է փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների վրա շեշտը դնելով, բայց չսահմանափակելով նաև խոշոր տնտեսությունները, թե ՔՀԿ-ների, թե պետական մակարդակով աջակցել մարզային, համայնքային գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը: Նաև, պետք է մեծացնել ՀԿ-երի ներկայացուցչությունը և մասնակցությունը այս գործընթացներին:  

Միջոցառման ընթացքում «Համայնքի զարկերակ» ՀԿ ներկայացուցիչ Արտուշ Խաչատրյանը ներկայացրեց իրենց համայնքում նոր մշակաբույսերի՝ հատկապես բրոկոլիի  ստեղծման փորձը: Այնուհետև խոսվեց պտղաբուծությունից: Առաջարկներ հնչեցին, որ պետք է հիմնադրել ինտեսնիվ պտղատու այգիներ և այդ կերպ փորձել զարգացնել պտղաբուծությունը: Քննարկվեց նաև կաթիլային ոռոգման ցանցի տեղադրման, կարկտավտանգ տարածքների վերաբերյալ հարցեր: Փոխնախարարը նշեց, որ կաթիլային ցանցի տեղադրման հետ կապված 2% և 1 տարով վարկեր են տրամադրում: Այս ամենը մրցակցային գների նվազեցմանն է հասցնում: Նա հավելեց նաև, որ սուբսիդացիան կարելի է կազմակերպել հենց տեղում:

Միջոցառման քննարկման առարկա դարձավ ոլորտային մեկ այլ մեծ խնդիր՝ կապված  ոռոգման ջրի մատակարարման հետ, որի պատճառը հիմնականում ջրի ցածր մակարդակն է:   

Ներկաներից շատերը խոսեցին, որ պետք է աջակցություն ցույց տրվի արտահանումներ իրականացնողներին, վերամշակողներին, պետք է հատուկ վարկեր տրամադրվեն իրենց: Անհրաժեշտ է նաև պետական վերահսկողությունը համակարգել:

Ներկաներից մեկը առաջարկեց, որ բերքի հավաքման հերթականություն սահմանվի որոշակի ձևով, առաջին բերքը Արարատյան դաշտի գյուղացիները ստանան, երկրոդը՝ Գեղարքունիքի մարզի, և այլն, որը հնարավորություն կտա որոշակիորեն վերահսկել շուկան, ինչպես նար կնպաստի համայնքների բերքի բարելավմանը:

Ներկաները փոխադարձ ցանկություն հայտնեցին, որ համագործակցությունը ամրապնդվի ՔՀԿ-ի և նախարարության միջև: Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ խորհրդատվություններ կարող են տրամադրվել, քանի որ դրա պակասը ակնհայտ է:  Առաջարկվեց ստեղծել աջակցության  կենտրոններ, հանդիպումների շարք իրականացնել:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել