Իսկ ո՞վ չունի այդ հնարավորությունը. փաստաբանը՝ Քոչարյանին կալանավորելու հիմքերի մասին

Այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց, որ գործով չկա գեթ մեկ հիմնավոր կասկած:

«Մենք ասացինք չկա գեթ մեկ հիմնավոր կասկած: Կա ամեն ինչ, կա, որ դուք հիմա ինձ լուսանկարահանում եք, մյուս բջջայինով է նկարահանում, և դա դրվում է մեղադրանքի հիմքում: Հավատացեք, մի օր բացահայտվելու է այս ամենը: Եթե կտեսնեք, որ ճիշտ չենք ասել, ինչ ուզում եք ասեք: Փաստերի խեղաթյուրում տեսանք, տեսանք մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում»,-ասաց նա:

Նա նաև հավելեց, որ հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դատական նիստում առաջինը ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը, բավականին հուզիչ ելույթ էր:

«Մեր քննչական ապարատը մահացել է, չունենք: Ներողություն եմ խնդրում այն քիչ քննիչներից, որոնք արժանի են դրվատանքի: Նույն վիճակն է դատարաններում: Այնտեղ էլ կարող ենք առանձնացնել մի խումբ դատավորների, որոնց վրա հույս կարող ենք դնել: Գործով մեկը ցուցմունք է տալիս, որ իրեն ինչ-որ մեկը պատմել է, որ այսինչ բանն է եղել: Ու հիմնավոր կասկածների հիմքում թվարկված է այդ ցուցմունքը: Ի՞նչ կարող ենք ասել: Կարող ենք ասել, որ չբացահայտված աղբյուրից ստացված տեղեկությունը չի կարող դիտարկվել որպես ապացույց, եթե չգիտես՝ ով է ասել, չես գտել այդ անձին: Գոնե քննիչը փորձեր պարզել այդ անձին: Բայց այդ ցուցմունքը դրվում է որպես Քոչարյանի հանցանքը հիմնավորող հանգամանք: Դրանով հիմնավորվում է, որ դրանով Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը:

Կարող է հետևյալը լինել՝ ձեզնից որևէ մեկը ժամանակին հարցազրույց է տվել, կամ ինտերվյու է վերցրել, որում գրված է, որ այսօր մտցվել է արտակարգ դրություն: Սա դրվել է որպես հիմնավորում, որ Ռոբերտ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը, դե արի ու դիմացիր: Դատավորն արտագրեց ամեն ինչ, ինչ ասաց քննիչը և կալանավորման որոշումը կայացվեց: Հիմքերից մեկն այնպիսին է, որ իրենք ծանուցագիրը ներկայացրել են հուլիսի սկզբին, բայց Քոչարյանը չի ներկայացել, թեև հայտնի էր, որ Քոչարյանը հուլիսի 25-ին պետք է գար Հայաստան: Չէր նշվել, որ նա ՀՔԾ-ին հայտնել էր, որ ամսի 26-ին կներկայանա հարցաքննության: Երրորդ կետը, որ նա Հայաստանից շատ է բացակայում, և հնարավորություն ունի մեկնելու հանրապետությունից: Իսկ ո՞վ չունի այդ հնարավորությունը: Եթե կարծում ես, որ կարող է մեկնել հանրապետությունից, բարի եղիր արգելանք դիր, որ չկարողանա դուրս գալ հանրապետությունից»,-նշեց նա:

https://www.facebook.com/Iravabannet/videos/1323820067721075/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել