Այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին միջնորդությունը:
«Խնդրում եմ դատարանին՝ մարդկային վերաբերմունք ցուցաբերեք մեր նկատմամբ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբաններից Ռուբեն Սահակյանը:
Նա նշեց, որ Հատուկ քննչական ծառայությունից դուրս է եկել ժամը 18:00-ի սահմաններում: «Ինձ տվել են 136 էջ, բերել եմ գործը, գցել եմ տունը, այն հույսով, որ մի քիչ հանգստանամ, քանի որ ձերբակալված չէ, արգելանքի տակ չէ Ռոբերտ Քոչարյանը, հետո ծանոթանամ գործին, պատրաստվեմ, որպեսզի կարողանամ գամ իմ տեսակնետն այստեղ (դատարանում) արտահայտեմ: Եվ հանկարծ, ինձ 21:35-ին տալիս են ծանուցագիր, որ ժամը 22-ին ներկայանամ դատական նիստի»,-ասաց նա:
Փաստաբանը նշում է, որ անգամ գործն իր հետևից դատարան են բերել, որտեղ պարզվել է, որ ևս 15 էջ է ավելացվել գործին ու ժամանակ չի եղել՝ դրան ծանոթանալու համար: «Արդյո՞ք սա հապճեպություն չէ դատավորի կողմից: Ես հիմա կարող եմ կարդամ սա՞, չեմ կարող: Թող կալանավորեն Ռոբերտ Քոչարյանին, հասարակության մի մասը կուրախանա»,-ասաց նա՝ նշելով, որ տեղեկություն չունի, արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը կներկայանա հիմա դատարան թե ոչ: Նրա խոսքով, քրեական հետապնդման հիմքեր չկան և «ականջներից ձգված» հիմավորումներ են:
Նա նշեց, որ եթե հասցնեն, հուլիսի 27-ին ասուլիս կկազմակերպեն: