Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի ավագանու անդամների և Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Այս մասին կառավարությունը որոշումներ կընդունի հուլիսի 26- հերթական նիստի ժամանակ։
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի ավագանու թվով 9 անդամները (օրենքով նախատեսված 9-ից) ընտրվել են 2016 թվականի սեպտեմբրի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Ավագանու անդամ Արտյոմ Ղազարյանը 2017 թվականի հուլիսի 28-ին հրաժարական է ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2017 թվականի օգոստոսի 15-ին Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի ավագանին կազմել է արձանագրություն:
Ս.թ. հունիսի 1-ին ավագանու անդամներ Հ. Վարդանյանը, Պ. Տաշչյանը, Ն. Փարվանյանը, Կ. Գասոյանը ներկայացրել են հրաժարականների դիմումներ: Այդ հանգամանքով պայմանավորված, անհնարին է դարձել Նորակերտ համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 9 անդամից 5-ը ներկայացրել են հրաժարականներ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 11-ի №295-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը: Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Բադալ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 18-ին հրաժարական է ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի հունիսի 18-ին Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ավագանին կազմել է արձանագրություն:
Վերոնշյալ արձանագրությունը ՀՀ Կոտայքի մարզպետի միջոցով ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 11-ի №295-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը: ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը: