Կառավարությունը որոշմամբ երեք երիտասարդի տարկետում կտրվի

Վաղը՝ հուլիսի 26-ին, կառավարության հերթական նիստին գործադիրը որոշում կընդունի 2018 թվականի ամա­ռային զորակոչից տարկետում տալ Ռոման Նամալյանին, Վահե Բաղդասարյանին, Արման Միքայելյանին։

Ռոման Տիգրանի Նամալյանը 2018 ուսումնական տարում գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` «Երաժշտական արվեստ» մասնագիտության «Գործիքային կատարողականություն դաշնամուր» մասնագիտացման բակալավ­րական կրթական ծրագրով և ստացել է «Երաժշտական արվեստի բակալավր» որակավորում։ Հանդիսանում է մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր` «The Muse junior» միջազգային մրցույթի դափնեկիր, բրոնզե մեդալակիր (2012թ. Հունաստան, Սանտորինի), «ARTISTS FOR THE FUTURE» MARMARIS International Contest «FUTURE STARS» միջազգային մրցույթի դափնեկիր և 1-ին մրցանակակիր (2014թ. Թուրքիա), «Десятые открытые молодежные Дельфийские игры государств-участников СНГ» մրցույթի դափնեկիր, բրոնզե մեդալակիր (2015թ. Ռուսաստան):

Իրավական ակտի ընդունումը թուլյ կտա Ռ. Նամալյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

Վահե Հրաչյայի Բաղդասարյանը 2009 թվականին շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 3-րդ տեղ գրավելուց հետո շարունակել է ակտիվ մարզական գործունեությունը և ունեցել է նշանակալի հաջողություններ: Վահե Հրաչյայի Բաղդասարյանը շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում ունի։ 2015 թվականին «Նանա Ալեքսանդրիայի գավաթ» և «Աերոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարերում գրավել է առաջին տեղը։ 2016 թվականին Նեժմետդինովի միջազգային հուշամրցաշարում կիսել է 2-4-րդ տեղերը, 2018 թվականի Հայաստանի Հանրապետության ակումբային առաջնությունում «Լոգիկոն» ակումբի կազմում գրավել է երկրորդ տեղը: Նշված արդյունքները շախմատում ծանրակշիռ նվաճումներ են:

Արման Ալբերտի Միքայելյանը 2011 թվականի  շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 2-րդ տեղը գրավելուց հետո շարունակել է ակտիվ մարզական գործունեությունը և ունեցել է նշանակալի հաջողություններ: Արման Ալբերտի Միքայելյանին 2017 թվականին շնորհվել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում։ 2012 թվականին մինչև 16 տարեկանների Հայաստանի Հանրապետության առաջնությունում գրավել է երրորդ տեղը։ 2013 թվականին մինչև 18 տարեկանների Հայաստանի Հանրապետության առաջնությունում գրավել է երկրորդ տեղը։ 2013 թվականին մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում գրավել է 8-րդ տեղը։ 2014 թվականին մինչև 18 տարեկանների Հայաստանի Հանրապետության առաջնությունում գրավել է երրորդ տեղը։ 2015 թվականին տղամարդկանց Հայաստանի Հանրապետության բարձրագույն խմբի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը։ 2016 թվականին «Նանա Ալեքսանդրիայի գավաթ» միջազգային մրցաշարում գրավել է երրորդ տեղը։ 2017 թվականին «Երևան օփեն» միջազգային մրցաշարում գրավել է երրորդ տեղը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել