Կսահմանվեն տեսչական մարմնի ղեկավարին և նրա տեղակալներին ներկայացվող պահանջները

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հուլիսի 26-ին կայանալիք կառավարության նիստին կներկայացնի ՀՀ կառավարության 2018թ-ի մայիսի 22-ի Ն-624-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով կարգավորվում են տեսչական մարմնի գործունեության կազմակերպման հետ կապված հարցերը, ինչպես նաև տեսչական մարմնի ղեկավարին և նրա տեղակալներին ներկայացվող պահանջները։

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը, իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նաև տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը վարչական պաշտոններ են:

Որոշման 3-րդ հավելվածով սահմանված տեսչական մարմնի օրինակելի կանոնադրության համաձայն տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում հանրային ծառայության 5 տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, իսկ 22-րդ կետի համաձայն տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել որևէ (կանոնադրությամբ նշված) մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա պետական կառավարման ոլորտի պաշտոնի ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Մինչդեռ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրչենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն վարչական պաշտոններ կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն:

Նախագծի կարգավորման նպատակն է համապատասխանեցնել տեսչական մարմնի օրինակելի կանոնադրությամբ տեսչական մարմնի ղեկավարին և նրա տեղակալներին ներկայացվող պահանները «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին:

Այսպիսով, կառավարությունը նոր որոշման համաձայն,

1) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված «Կառավարությանը ենթակա տեսչական մարմնի կանոնադրության օրինակելի ձևի» (այսուհետ` կանոնադրություն) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Տեսչական մարմնի ղեկավար կարող են նշանակվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն:».

2) կանոնադրության 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն:»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել