Կառավարությունը հուլիսի 26-ին կայանալիք նիստի ժամանակ որոշում կընդունի հավանություն տալ 2018թ. փետրվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Համաձայնագրի նպատակն է խթանել Կողմերի միջև համակողմանի համագործակցությունը և բարեկամությունը՝ Կողմերի կառավարությունների արտաքին քաղաքականության և միգրացիոն քաղաքականության համատեքստում:
Համաձայնագիրը կիրառվում է հետևյալ կատեգորիաների աշխատողների նկատմամբ, ովքեր Կողմերից մեկի քաղաքացիներ են և, սույն Համաձայնագրի շրջանակներում կնքել են աշխատանքային պայմանագիր, և ում տրամադրվել է մյուս Կողմի տարածքում կացության անհրաժեշտ թույլտվություն.
- աշխատողներ՝ մեկ տարի սկզբնական ժամկետով` մինչև ընդհանուր երեք տարի ժամկետով հետագա երկարաձգման հնարավորությամբ.
- սեզոնային աշխատողներ` յուրաքանչյուր տարի՝ ոչ ավել, քան ինը ամիս ժամկետով:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում Համաձայնագրի վավերացումը:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Համաձայնագրով ՀՀ-ն կարող է ստանձնել ֆինանսական պարտավորություններ:
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Համաձայնագրի դրույթները չեն հակասում ՀՀ օրենքներին կամ այլ նորմատիվ իրավական ակտերին և համաձայնագրի դրույթները չեն պարունակում ՀՀ նոր օրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ ընդունելու կամ գործող օրենքում կամ այլ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելուն վերաբերող նորմեր:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
2018թ. մարտի 22-ին բուլղարական կողմից ստացվել է ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջմտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որվերոհիշյալ Համաձայնագիրը ենթակա է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը: