Հուլիսի 26-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ գործադիրը որոշում կընդունի արդարադատության նախարարությանը գումար տրամադրելու մասին։ 12 հազար 200 եվրոն կտրամադրվի նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:
ՄԻԵԴ վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 17521/09 գանգատ) 2018 թվականի մարտի 15-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 12,200 (տասներկու հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 15-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի սեպտեմբերի 15-ն է:
Նշենք, որ դիմումատուն պնդել է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խոշտանգման և ոչ իրավաչափ կերպով ազատությունից զրկելու դեպքում ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորություն չի նախատեսում:
Թեյմուրազյանը գանգատվել է՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգման արգելք) ինքը ենթարկվել է վատ վերաբերմունքի, և ներպետական իշխանությունները չեն իրականացրել այդ կապակցությամբ արդյունավետ քննություն:
Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը գտել է, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել դիմումատուի` ներպետական իշխանությունների առջև արդյունավետ միջոցների և փոխհատուցում ստանալու իրավունքը: Ինչ վերաբերում է Կոնվենցիայի3-րդ հոդվածի ենթադրյալ խախտմանը, ապա Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության առարկությունները, արձանագրել է, որ դիմումը ներկայացվել է Կոնվենցիայով սահմանված վեցամսյա ժամկետի խախտմամբ:
Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել 11,700 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 500 եվրո` որպես ծախսերի և ծախքերի հատուցում: