Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Աթենքի հարակից տարածքներում մոլեգնող եւ բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած ավերիչ հրդեհների կապակցությամբ, այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահ Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն ու զորակցություն է հայտնել Հունաստանի նախագահին եւ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն:
«Խոր ցավով տեղեկացա Աթենքի մերձակայքում բռնկված լայնամասշտաբ հրդեհների մասին, որոնք տասնյակ մարդկային զոհերի, վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ են դարձել:
Այս ծանր պահին խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն՝ հաղթահարելու ահավոր աղետի հետևանքները: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: