Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը

Հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել է հայկական երկու հանրապետությունների լրագրողների շրջայց արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ և զորամասերի մշտական տեղակայման վայրեր: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել մարտական հերթապահության կրման ընթացքով և տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությամբ:

Շրջայցի երկրորդ օրը՝ հուլիսի 24-ին, ՊԲ շտաբում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2018թ. 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:

Ողջունելով հյուրերին՝ բանակի հրամանատարը նախ համառոտ անդրադարձ է կատարել տարածաշրջանի ռազմաքաղաքական մարտահրավերներին, այնուհետև բավականին հանգամանալիորեն ներկայացրել ընթացիկ տարվա կիսամյակի արդյունքում արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները:

Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը, առաջնային գծում նկատվող հակառակորդի տեղաշարժերին ու կուտակումներին հակազդելու ուղղությամբ պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվող քայլերը, կատարված ու դեռևս ընթացքի մեջ գտնող ինժեներա-ամրաշինական աշխատանքների համալիրը՝ վստահեցնելով, որ բանակն այսուհետ ևս ի զօրու է պատվով կատարելու իր առջև դրված մարտական խնդիրը:

Հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մոտ ապագայում պատերազմի վերսկսման հավանականությանը, բանակի նյութատեխնիկական ապահովմանը, նոր սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերմանը, առաջնագծում տեսադիտարկման սարքերի ներդրման արդյունավետությանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել