ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք կարելի է ստանալ ՀՀ տարածքում` ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից և օպերատորների կողմից (բանկեր և «Հայփոստ» ՓԲԸ), իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից: Տեղեկանքում զետեղվող` անձի վերաբերյալ տվյալները ստուգվում են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում:
Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից:
Տեղեկանքի տրամադրումը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում.
Տեղեկանք ստանալու համար ընդունելությունը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը կազմակերպում է երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10.00-12.00-ին` ՀՀ ԱԳՆ վարչական շենքում գտնվող քաղաքացիների ընդունելության սրահում (Վազգեն Սարգսյան 3 հասցեով): Իր մասին տեղեկանք ստանալու նպատակով դիմելու իրավունք ունի 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք (այսուհետ՝ տեղեկանք հայցող) կամ տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը և զավակը, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչը:
Տեղեկանք հայցողն անձամբ կամ փոստի միջոցով (փոստով դիմելու իրավունք ունի տեղեկանք հայցողը, իսկ վերջինիս ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը և լիազոր ներկայացուցիչը դիմումը ներկայացնում են անձամբ) նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- Սահմանված ձևի դիմում (տրամադրվում է տեղում),
- Անձնագիր (նույնականացման քարտ) և դրա պատճենը (փոստով դիմելու դեպքում՝ միայն պատճենը).
- Պետական տուրքի վճարման անդորրագիր կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները` «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961թ. հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի (APOSTILLE-ի մասին) մասնակից պետության իշխանություններին ներկայացնելու դեպքում տեղեկանքը ապոստիլով հաստատելու համար: Պետական տուրքի դրույքաչափը 5,000 (հինգ հազար) ՀՀ դրամ է: Պետական տուրքը կարող է վճարվել ցանկացած առևտրային բանկում, պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կամ տեղում՝ ակնթարթային վճարումների համակարգի (տերմինալի) միջոցով: ՀՀ պետբյուջեի գանձապետական հաշվեհամարն է 900005163515: APOSTILLE-ի մասին կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ
- Եթե տեղեկանք հայցողը դիմումն անձամբ ներկայացնելու պահին տեղեկանքի ստացումը հանձնարարում է երրորդ անձի, ապա տվյալ անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
- Եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
- ա. ծնողի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենները,
- բ. եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
- գ. ամուսնու դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները,
- դ. զավակի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
- ե. լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Տեղեկանքի տրամադրումը օպերատորների կողմից (բանկեր և «Հայփոստ» ՓԲԸ)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 26-ի N 1109-Ն որոշման համաձայն` օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքները տրամադրվում են նաև օպերատորների կողմից:
Քաղաքացիները կարող են դիմել և տեղեկանք ստանալ օպերատորների կողմից հետևյալ հասցեներում` «Հայփոստ» (հասցե` ք. Երևան, Նալբանդյան 21), «Արդշինբանկ» (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 24), «Ամերիաբանկ» (հասցե` ք. Երևան, Դեղատան 6), «Կոնվերս բանկ» (հասցե` ք. Երևան, Քաջազնունու 4/6), ինչպես նաև Գառնի համայնքում գտնվող «Հայփոստ», Գյումրի քաղաքի «Հայփոստ» (հասցե` ք. Գյումրի, Ռիժկով 5), Էջմիածին քաղաքի «Հայփոստ» (հասցե` ք. Էջմիածին, Մ. Մաշտոցի 2)
ԾԱՆՈԹՈւԹՅՈւՆ
- Տեղեկանքը տրամադրվում է երկլեզու` հայերեն և օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն)` դիմողի ցանկությամբ կախված ներկայացման երկրից,
- Տեղեկանքը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում,
- Տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին տեղեկանքը հանձնվում է փոստով՝ պատվիրված նամակով:
- Ապոստիլով վավերացված տեղեկանք տրամադրում է միայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
- ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքը ստանալու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ հասցեով.
ՀՀ, Երեւան 0010,
Վազգեն Սարգսյան 3,
Կառավարական տուն 2,
Արտաքին գործերի նախարարություն
Հյուպատոսական վարչություն Խորհուրդ է տրվում առաքումը կատարել պատվիրված նամակի միջոցով:
Տեղեկանքը ՀՀ ԱԳՆ կողմից դիմողի նշված հասցեով առաքելու համար սահմանված է վճար.ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքում` 430 (չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամ
ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքից դուրս` 25,000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ
Փոստային առաքման վճարումը կարելի է կատարել ՀՀ տարածքում գործող ցանկացած առևտրային բանկում, պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կամ տեղում՝ ակնթարթային վճարումների համակարգի (տերմինալի) միջոցով հետևյալ գանձապետական հաշվեհամարներին`
ՀՀ տարածքում առաքում կատարելու համար` 900013196101 (430 ՀՀ դրամ)
ՀՀ տարածքից դուրս առաքում կատարելու համար` 900013196093 (25,000 ՀՀ դրամ)- ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը տրամադրում է նաև օտարերկրյա ետություններում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքներ` այդ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ կատարվող հարցումների հիման վրա: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի երաշխավորում տեղեկանքների ստացումը կարճ ժամկետներում (ծառայության ժամկետ սահմանել հնարավոր չէ): Որոշ պետություններից նման տեղեկանքներ ստանալն անհնար է:
Տեղեկանքի տրամադրումը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում.
Տեղեկանք ստանալու համար դիմումները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում (ցանկը տեսնելու համար սեղմել այստեղ)՝ ընդունվում են նախապես սահմանված ընդունելության օրերին և ժամերին: Իր մասին տեղեկանք ստանալու նպատակով դիմելու իրավունք ունի 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք (այսուհետ՝ տեղեկանք հայցող) կամ տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը և զավակը, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչը:
Տեղեկանք հայցողն անձամբ, փոստի միջոցով (փոստով դիմելու իրավունք ունի տեղեկանք հայցողը, իսկ վերջինիս ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը և լիազոր ներկայացուցիչը դիմումը ներկայացնում են անձամբ) կամ առցանց (առցանց դիմելու դեպքում պետք է ներկայացվի ներքոհիշյալ փաստաթղթերի պատկերամուտը) նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- Սահմանված ձևի դիմում (տրամադրվում է տեղում),
- անձնագիր (նույնականացման քարտ) և դրա պատճենը (փոստով դիմելու դեպքում՝ միայն պատճենը).
- Պետական տուրքի վճարման անդորրագիր: Պետական տուրքի դրույքաչափը 25,000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ է.
- եթե տեղեկանք հայցողը դիմումն անձամբ ներկայացնելու պահին տեղեկանքի ստացումը հանձնարարում է երրորդ անձի, ապա տվյալ անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
- եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
- ա. ծնողի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենները,
- բ. եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
- գ. ամուսնու դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները,
- դ. զավակի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
- ե. լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԾԱՆՈԹՈւԹՅՈւՆ
- Տեղեկանքը տրամադրվում է հայերեն և օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ այլն)` դիմողի ցանկությամբ կախված ներկայացման երկրից,
- Տեղեկանքը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքը ստանալու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել համապատասխան դեսպանության (հյուպատոսական հիմնարկի) հասցեով, որը կարող եք ճշտել վերջինիս ինտերնետային կայքից կամ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի այս բաժնից:
Խորհուրդ է տրվում առաքումը կատարել պատվիրված նամակի միջոցով:
Տեղեկանքը դեսպանության (հյուպատոսական հիմնարկի) կողմից դիմողի նշված հասցեով առաքելու համար սահմանվում է վճար, որի չափը և վճարման հնարավոր եղանակները անհրաժեշտ է նախապես ճշտել: