Ոստիկանների կողմից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` Ա. Թ.-ն ու Ս. Թ.-ն, խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը, հայտնում են ՀՔԾ-ից:

Այսպես, 2018 թվականի ապրիլի 19-ին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում` օպերլիազորներ Ա. Թ.-ն և Ս. Թ.-ն: Վերջիններս, նկատելով, որ լրագրող Տ. Մուրադյանը տեսախցիկի միջոցով լուսաբանում է ինչպես տվյալ վայրում բողոքի զանգվածային ակցիաներ իրականացնող քաղաքացիների և ոստիկանության ծառայողների, այնպես էլ իրենց գործողությունների ընթացքը, տեսախցիկի տիրույթում չհայտնվելու, ինչպես նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել են Տ. Մուրադյանին: Ս. Թ.-ն հարվածել է վերջինիս կրծքավանդակին, այնուհետև, անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները և լրագրող հանդիսանալու հանգամանքը հաստատող վկայականի առկայությունը, Ա. Թ.-ի հետ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Տ. Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել մարմնական վնասվածքներ գլխի շրջանում:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ս. Թ.-ին և Ա. Թ.ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ

քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով 

սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել