Սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանը կառավարության հավանությանն է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ`
1) Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանին (ծնված՝ 1995 թվականի ապրիլի 8-ին, բնակության վայրը՝ ք. Երևան, Ե. Քոչարի փող., շենք 27, բն. 14, Կենտրոնի ԶԿ, նավամոդելի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն),
2) Դավիթ Վարդանի Մադոյանին (ծնված՝ 1996 թվականի դեկտեմբերի 15-ին, հասցեն՝ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Վ. Համբարձումյան փող., տ. 8, Արմավիրի ԶԿ, բազկամարտի 2017 թվականի երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոն)։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:
Միջազգային մրցումներին մասնակցելը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է համաշխարհային օլիմպիական շարժմանը, և առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները միջազգային մրցասպարեզներում՝ ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակների, երիտասարդների, պատանիների), ամառային և ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճելով բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը:
Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում չստանան։
Հետևաբար Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի ոլորտի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը:
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանին և Դավիթ Վարդանի Մադոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կազմված է՝ ելնելով վերոհիշյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման 5-րդ և 6-րդ կետերի պահանջները։