Էդուարդ Գրիգորյանի գործողություններից ՊՊԾ գնդում որևէ անձ որևէ մարմնական վնասվածք չի ստացել․ փաստաբանը՝ Պավլիկ Մանուկյանի հայտարարության մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ հուլիսի 18-ին, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը դատական նիստի ընթացքում հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանի ուղղությամբ հնչած պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ՝ «Սասնա ծռեր»-ի մեկ այլ անդամ՝ Էդվարդ Գրիգորյանը։

«Ես չեմ կարող տանել այն կեղծիքը, ու մեր «Սասնա ծռերից» յուրաքանչյուրը նույնպես, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ մարտական ընկեր, իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը»,-նշել էր Պավլիկ Մանուկյանը։

Նշենք, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդում վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը չցանկացավ մեկնաբանություններ անել Պավլիկ Մանուկյանի դատարանում արված հայտարարության մասին։

Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ կոնկրետ չի կարող ասել, թե ինչ նպատակ է հետապնդում Պավլիկ Մանուկյանի արած հայտարարությունը․

«Կարող եմ միայն ասել, որ Էդուարդ Գրիգորյանի վերաբերյալ հայտարարության հատվածը իրականության հետ կապ չունի և Էդուարդ Գրիգորյանի գործողություններից ՊՊԾ գնդում որևէ անձ որևէ մարմնական վնասվածք չի ստացել»,-նշեց նա։

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել