Պարզվել է Հյուսիսային պողոտայի «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի պատճառը. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի պատճառը։ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար մեղադրանք է առաջադրվել «Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետին։

Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում պայթյունը տեղի է ունեցել 2018 թվականի  ապրիլի 2-ի երեկոյան, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 9 քաղաքացի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ստեղծվել  քննչական խումբ, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ պայթյունի պատճառները պարզելու համար, այդ թվում՝  նշանակվել դատաբժշկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ։

Արդյունքում՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ պայթյունի օջախը գտնվել է դեպքի վայր հանդիսացող, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» արագ սննդի կետի առաջին հարկի սրահի վաճառականգնակի տակ՝ հատակի վրա: Դատաապրանքագիտական, պայթյունատեխնիկական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ պայթյունի պատճառ է հանդիսացել ճնշման տակ գտնվող, խախտումով տեղափոխված գլանանոթի՝ դժվարամատչելի վայրում խախտումով տեղադրումը, որի հետևանքով տեղի է ունեցել գլանանոթի ջերմաստիճանի բարձրացում, ինչը նպաստել է ածխաթթվածնի գազային ֆազայի ավելացմանը՝ գլանանոթի մեջ ճնշման բարձրացմանը, որի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Ըստ փորձագետների՝ տեղի ունեցած պայթյունն ունեցել է 0.745 ՄՎտ հզորություն, ինչը համարժեք է 178 գր՝ ըստ տրոտիլային էկվիվալենտի:

Քննությամբ պարզվել է, որ ածխաթթվածնային գլանանոթը գործարանային արտադրության է՝ արտադրված Ռուսաստանի Դաշնությունում ՝ 2012թվականին, և համապատասխանել է ԳՕՍՏ 8050-85 միջպետական ստանդարտի պահանջներին, հետևապես՝ պիտանի նպատակային օգտագործման համար:

Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գործող «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում գործունեություն ծավալող «Բուրգեր Արմ» ՓԲ ընկերությանը  գարեջրատեսակների և ըմպելիքների մատակարարման ծառայություններ մատուցել է «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊ ընկերությունը, որի կողմից էլ առաքվել է նշված գլանանոթը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մատուցված ծառայության անվտանգության համար պատասխանատու անձի ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝ «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետի աշխատանքային պարտականություններից է եղել  հրահանգավորել և ուսուցանել  նույն  ընկերության գարեջրի լցման սարքերի տեղադրող-մեխանիկին՝  աշխատանքի անվտանգության կազմակերպման կանոնների վերաբերյալ, սակայն չի  ուսուցանել, չի տեղեկացրել  բարձր ճնշման տակ գտնվող գազի գլանանոթների սպասարկման պայմանները, և տեղադրող-մեխանիկը, առանց անվտանգության տեխնիկայի քննություն հանձնելու և չունենալով սահմանված կարգով և ձևի վկայական, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գործող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում իրականացրել է  գարեջրի լցման  գլանանոթի սպասարկման, մասնավորապես՝ ածխաթթու գազի գլանանոթի փոխարինման աշխատանքը, որը կատարելիս թույլ է տվել մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝ ճնշման տակ գտնվող գլանանոթը տեղադրել է սխալ՝ պառկեցված վիճակում, վատ օդափոխվող տեղում և սառեցնող սարքավորման հետնամասում տեղադրված աշխատանքի ժամանակ տաքացող գալարախողովակաշարին մոտ, չի ամրացրել գլանանոթը,  որի հետևանքով 2018թ.-ի ապրիլի 2-ին տեղի է ունեցել նշված գլանանոթի ջերմաստիճանի բարձրացում, որն էլ նպաստել է ածխաթթվածնի գազային ֆազայի ավելացմանը՝ բերելով գլանանոթի մեջ ճնշման բարձրացման և որպես հետևանք՝ հանգեցնելով   պայթյունի։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊԸ-ի  սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել