Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հանդիպել են ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի հետ և քննարկել են վերջինիս հանդեպ ֆիզիկական ոտնձգության փաստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել ենք Մայր Աթոռ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառին՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացված ֆիզիկական ոտնձգության արտասովոր ու դատապարտելի փաստի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը»,-նշում է նա։