Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին:
Օգտատերերից մեկը նշել էր, թե ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը հեռացել է Հայաստանից, սակայն Փաշինյանը հերքեց տեղեկությունը և նշեց, որ հունիսի 30-ին կառավարական առանձնատանն ընդունել է Ռոբերտ Աբաջյանի հորը և նրանք զրուցել են նաև Ռոբերտի մասին։
«Շատ հուզիչ հանդիպում է եղել, դրա մասին ոչ մի տեղեկատվություն չի եղել, քանի որ անձնական հանդիպում է եղել։ Ես հասկացա, որ Ռոբերտի հայրն էլ չի ուզել, որ դրա մասին տեղեկատվություն տրվի այդ պահին։ Ռոբերտի կերպարն ինձ շատ հուզել է։ Նա ինձ համար մեր նոր սերնդի ամենաուժեղ կերպարներից մեկն է ինձ համար։ Ես քառօրյայի օրերին, երբ Արցախ էի մեկնել, նաեւ երբ մարտական հերթապահություն էինք իրականացնում, շատ հետաքրքրվում էինք ապրիլյան պատերազմի հերոսներով։ Կոնկրետ Ռոբերտի ընտանիքը՝ հայրը, մայրը, եղբայրը, ահագին երկար ապրել ու աշխատել են Ռուսաստանում։ Ռոբերտն էլ իրենց հետ է եղել, բայց եկել է Հայաստան ու զորակոչվել բանակ։ Կարծում եմ՝ մեզ բոլորիս պատիվ չի բերում, որ իրենք Հայաստանում չապրեն։ Հայրը պատասխանել է, որ ինքն էլ մտածում է, որ հատկապես հեղափոխությունից հետո Հայաստան տեղափոխվելու մասին: Ճիշտ է, որ նրանք ՌԴ-ում են ապրում, բայց ճիշտ չէ, որ նոր են տեղափոխվել: Արդեն 10 տարի այնտեղ են ապրում։ Ընդհանրապես, կարծում եմ, որ մեր արցախյան հերոսամարտի, ընդհանրապես հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսները, նրանց ընտանիքները արժանի են առանձնակի վերաբերմունքի։ Ռոբերտի, մյուսների կերպարը պետք է ուղենիշ լինի բոլորիս համար»,-նշեց Փաշինյանը։