Նախորդ շաբաթ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ շվեյցարական Swissquote Bank-ը Հայաստանում գործունեություն է սկսել Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության միջոցով: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ըստ տարածված տեղեկությունների, հայաստանյան հաճախորդները հնարավորություն ունեն վերջինիս միջոցով ներդրումներ կատարել Swissquote Bank-ում:
Կենտրոնական բանկը հայտնում է, որ համաձայն Հայաստանի օրենսդրության, որևէ օտարերկրյա բանկ Հայաստանում գործունեություն կարող է իրականացնել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դուստր բանկի կամ էլ մասնաճյուղի (նույնպես լիցենզավորված Կենտրոնական բանկի կողմից) միջոցով:
Հաշվի առնելով ֆինանսական շուկաներում և հայաստանյան հաճախորդների շրջանում ձևավորված տարակուսանքը, ինչպես մեր քաղաքացիների լրացուցիչ ռիսկերից զերծ պահելու նպատակով Կենտրոնական բանկը հայտնում է.
1. Swissquote Bank-ը չունի Հայաստանում որևե տեսակի բանկային կամ այլ ֆինանսական գործունեություն իրականացնելու իրավունք:
2. Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերությունը լիցենզավորված չէ Կենտրոնական բանկի կողմից ևհամաձայն Հայաստանի օրենսդրության, իրավասու չէ Հայաստանում ներկայացնել, գովազդել, ծանոթացնել կամ միջնորդավորել Swissquote Bank-ը կամ նրա հետ կնքվող որևե գործարք:
3. Swissquote Bank-ի հետ Հայաստանից նախաձեռնված ու Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից միջնորդավորված որևե ֆինանսական գործառնություն, մեծ հավանականությամբ, ապօրինի է:
4. Կենտրոնական բանկը սույն թվականի հուլիսի 4-ին Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի օրենսդրությանը հակասող գործունեության մասին ծանուցումներ է ուղարկել պատկան մարմիններին: