Հայկ Սարգսյանը չի կարող ցմահ ազատազրկման դատապարտվել. հանցափորձի համար ցմահ ազատազրկում չի նշանակվում

Հուլիսի 11-ին քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն է տարածել, որով ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի  Հայկ Սարգսյանին տրվել է դատավարական կարգավիճակ. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34 և 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների, այն է՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար։

Նշենք, որ քրեական օրենսգրքի համաձայն՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածը հետևյալն է. «ՀԱՆՑԱՓՈՐՁ. Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:

104-րդ հոդվածի 1-ին մաս. ՍՊԱՆՈւԹՅՈւՆ. «Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով»:

Քրեական օրենսգրքի մեկ այլ, 65-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ հանցափորձի համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով (այս դեպքում 104-րդի 1-ին մաս) որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը:

Հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար ցմահ ազատազրկում չի նշանակվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել