ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձի ինքնությունը, հայտնում են ՔԿ-ից:
Ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանն ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց։ Լուսանկարներ կատարելիս քաղաքացիական հագուստով երկու անձ հարձակվել են լրագրողի վրա և բռնություն գործադրել։ Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, լրագրող Տ.Մուրադյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ի պատասխան ԶԼՄ-ների բազմաթիվ հարցադրումների՝ պարզաբանում ենք, որ տվյալ քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձի ինքնությունը, ով ոստիկանության ծառայող է, ուստի՝ քննիչը որոշում է կայացրել՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ՀՔԾ ուղարկելու մասին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: